ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանը պատրաստ է աջակցել Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, սակայն դա հնարավոր է միայն Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի տեղադրման տարածաշրջանային նախագծին Հայաստանի մասնակցության դեպքում։ Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Բերբոքն էլ հայտարարեց, որ Գերմանիան և Հայաստանը պատրաստվում են բանակցել, այդ թվում էներգետիկ ոլորտում։
«Մենք կարող ենք ավելի սերտ համագործակցել էներգետիկ ոլորտում, Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման և վերականգնվող էներգետիկայի նախագծում»,– ասաց Բերբոքը։
Նշենք, որ Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման նախագծի թեման շրջանառվում է վերջին մի քանի տարին, բայց Երևանը նախագծով իր հետաքրքրվածության մասին պաշտոնապես հայտարարել է միայն ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին։
Նախագծով նախատեսվում է, որ Սևծովյան էներգետիկ մալուխը ստեղծվելու է Ադրբեջանից մինչև Ռումինիա։ Դրա մասնակիցներն են նաև Վրաստանը, Հունգարիան։
2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը համաձայնել է ԵՄ–ին էլեկտրաէներգիա մատակարարել ստորջրյա մալուխով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համապատասխան համաձայնագիր է ստորագրել Բուխարեստում։
Եվրամիությունը մտադիր է Սև ծովով սուզանավային մալուխի նախագծի համար 2,3 մլրդ եվրո հատկացնել։