ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի համար Հայաստանի բեմում լինելը յուրօրինակ քննություն է, քանի որ առաջին անգամ են ներկայանալու հայ հանդիսատեսին։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց թատրոնի տնօրեն Սերգեյ Եմելյանովը։
Հայտնել ենք, որ Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում հյուրախաղերով Երևանում կլինի Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնը։
Եմելյանովն ընդգծեց, որ երբ պլանավորում էին հյուրախաղերը, արդեն գիտեին, որ իրենց նախաձեռնությունը պահանջված է լինելու ու կհետաքրքրի հայ հանդիսատեսին և ոլորտի ներկայացուցիչներին։
«Մարտին մենք սկսեցինք համագործակցությունը Սունդուկյանի թատրոնի հետ ու երիտասարդ կառավարիչների համար դպրոց նախաձեռնեցինք։ Ազգային թատրոնը առաջին անգամ հյուրախաղերով եկավ մեր թատրոն ու երկու հազար մարդ լեփ– լեցուն դահլիճներում տեսավ այն։ Մեր թատրոնի համար էլ յուրօրինակ քննություն է, քանզի առաջին անգամ ենք ներկայանալու հայ հանդիսատեսին։ Հայաստանը շատ թատերական երկիր է ու հայտնի է իր թատերական ավանդույթներով, և հուսանք`գերազանց կհանձնենք քննությունը»,–ասաց Եմելյանովը։
Սերգեյ Եմելյանով
© Sputnik / Andranik Ghazaryan
Նա հավելեց, որ իրենց հետ մի քանի բեռնատար դեկորացիաներ են բերել։
Երևանյան միջազգային թատերական փառատոնի ժամանակ Ալեքսանդրինյան թատրոնը ներկայացնի երկու ներկայացում` «Ամուսնությունը»` Վալերի Ֆոկինի բեմադրությամբ, և Նիկիտա Կոբալևի «Արարածը»։ Այդ ներկայացումներին զուգահեռ կլինի հատուկ հանդիպում ֆոկինի հետ, որից հետո կլինի «Պետրոպոլիս» ֆիլմի ցուցադրությունը։
Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հատկանշական համարեց, որ Ալեքսանդրինյան թատրոնին այս շքեղությամբ և այս ծավալով Երևանում վերջին անգամ ընդունել է 1980–ականներին, սակայն վերջին շրջանում սա առաջին մեծ ծավալային այցն է Հայաստան։
«Անկասկած կարող ենք համարել տարվա գլխավոր թատերական միջոցառումը։ Սա ոչ միայն թատերասեր հասարակության համար,այլ ընդհանրապես ցանկացած քաղաքացու համար մեծ և հրաշալի առիթ է` հանդիպել բարձր արվեստին»,–հավելեց նա։
Վարդան Մկրտչյան
© Sputnik / Andranik Ghazaryan
Մկրտչյանը նշեց, որ համագործակցությունը Ալքսանդրինյան թատրոնի հետ սկսվել է շուրջ մեկ տարի առաջ։
«Այս կարճ ժամանակահատվածում մենք հասցրել ենք բազմաթիվ ծրագրեր իրագործել (ինչպիսին է Ազգային դպրոցը, որն իրականացնում է Ալեքսանդրինյան թատրոնը)։ Տեղի ունեցանարվեստի կառավարիչների եռօրյա վարպետության դասեր։ Այնուհետև Սունդուկյանի թատրոնի տեխնիկական աշխատողները վերապատրաստվեցին Ալեքսանդրինյան թատրոնում»,–ասաց Մկրտչանը։
Սակայն հատկանշական իրադարձությունը Սունդուկյանի թատրոնի հյուրախաղերն են եղել Ալեքսանդրինյան թատրոնի լեգենդար բեմում։
«Այնտեղ Վահրամ Փափազյանից հետո որևէ դերասան չէր խաղացել։ Իսկ ինստիտուցիոնալ առումով սա առաջին մեծ համագործակցությունն էր Ալեքսանդրինյան թատրոնի պատմական բեմում։ Ուղղակի հրաշալի հյուրախաղ էր դա` լեփ–լեցուն դահլիճ, փառահեղ ընդունելություն։ Ռուս հանդիսատեսը հոտնկայս շատ երկար ծափահարություններով է մեզ ընդունել։ Իսկ ռուս հանդիսատեսը ամենաթատերային հանդիսատեսն է, շատ բան է տեսել և հայկական թատրոնի` նման ընդունելությունն իսկապես մեծ գնահատական էր»,– տպավորություններն է պատմումթատրոնի տնօրենը։
Վարդան Մկրտչյանն ու Սերգեյ Եմելյանովը
© Sputnik / Andranik Ghazaryan
Նշենք, որ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի բեմում նոյեմբերի 9–ին և 10–ին ժամը 19։00–ին կլինի «Ամուսնություն» ներկայացումը, նոյեմբերի 11–ին կլինի հանդիպում Վալերի Ֆոկինի հետ փոքր բեմում, այնուհետև «Պետրոպոլիս» ֆիլմի ցուցադրությունը և նոյեմբերի 12–ին կլինի «Արարածը» ներկայացումը։