ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին մինչև հունվարի 1-ը ժամանակ է տալիս իրենց գովազդային վահանակները փոփոխելու և սահմանված նոր պահանջներին համապատասխանեցնելու համար։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նշենք, որ Երևանի ավագանու որոշմամբ ապրիլից մայրաքաղաքում տեղադրվող արտաքին գովազդի համար սահմանվել են նոր չափորոշիչները, որոնց կարելի է ծանոթանալ քաղաքապետարանի կայքում։
«Որոշումն ընդունվել է ապրիլին և մինչև հունվար ամիսը ողջամիտ ժամկետ է, որպեսզի տնտեսվարողը գումար հատկացնի և իր գովազդը համապատասխանեցնի նոր պահանջներին։ Եթե գովազդները չփոփոխվեն, Երևանի քաղաքապետարանը ստիպված է լինելու այդ փոփոխությունն ինքնուրույն կատարել»,-ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ հունվարի 1-ից հետո Երևանի քաղաքապետարանը կիրականացնի գովազդային վահանակների մասսայական ապամոնտաժում։
«Փոփոխության նպատակն այն է, որ Երևան քաղաքը, որն ունի գեղեցիկ ճարտարապետություն, դա երևա, որովհետև այսօր շատ շենքեր ուղղակի փակված են արտաքին գովազդով։ Մեր խնդիրը քաղաքն էլ ավելի գեղեցիկ դարձնելն է։ Այլ նպատակ մենք չունենք, և որպես դրա ապացույց` նշեմ, որ ռեֆորմի կյանքի կոչման ընթացքում Երևան քաղաքը տուրքերի առումով ոչ թե ունենալու է ավելացում, այլ նվազեցում»,-ասաց նա։
Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ այն տնտեսվարողները, որոնք չեն կարողանա գովազդային վահանակների նոր պահանջներին վերաբերող ուղեցույցից օգտվել, կարող են խորհրդակցության համար դիմել Գովազդի վարչություն։
Նա ընդգծեց, որ քաղաքապետարանը բոլոր դեպքերում նույն տարածքում գովազդի թույլտվություն տալիս է տնտեսվարողներին, բայց նոր պահանջներով, որոնց կարող են համաձայնել կամ չհամաձայնել։