Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը. Միրզոյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը (2020թ, փետրվարի 15). Մյունխեն
ՀՀ ԱԳ նախարարը կրկին պարզաբանեց, թե ինչպիսին է տեսնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կառուցվածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի կնքման առաջարկների փոխանակման 6-րդ փուլն են վարում։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով` չնայած Ադրբեջանը խաղաղության օրակարգից շեղելու փորձեր է անում, այդուհանդերձ, այդ օրակարգի ուղղությամբ Երևանի կուրսը շարունակվում է։
Ինչպես նշեց Միրզոյանը, Հայաստանը հույս ուներ, որ Գրանադայում կհաջողվի մեծ քայլ կատարել խաղաղության օրակարգի իրականացման ճանապարհին, սակայն, ցավոք, Ադրբեջանի նախագահը անհրաժեշտ կամ նպատակահարմար չհամարեց մասնակցել այդ գագաթնաժողովին: Չնայած դրան, Գրանադայում ստորագրվեց հռչակագիր, որն, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, հիմք է Ադրբեջանի հետ ապագա խաղաղության պայմանագրի համար:
Նա հիշեցրեց, որ այդ պայմանագրի առաջին սկզբունքը վերաբերում է կողմերի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը։ Հայաստանը ցանկանում է առավելագույն կոնկրետություն ապահովել այս հարցում, ինչի պատճառով էլ կոնկրետ թվեր են նշվում 2 երկրի տարածքների մասով։
«Պայմանագրի 2-րդ սկզբունքը կապված է երկու երկրների սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ, գործընթացը պետք է իրականացվի խորհրդային շրջանի ամենաթարմ և լեգիտիմ քարտեզների հիման վրա: Այդ քարտեզները կազմվել են 1974-1978 թթ. և, մեծ հաշվով, դելիմիտացիան պետք է տեղի ունենա ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանների հիման վրա»,– նշեց Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ նման մոտեցումը վայելում է միջազգային հանրության ըմբռնումը, և ինքը կհամարձակվի ենթադրել, որ ընդհանուր առմամբ դրա ըմբռնում կա նաև ադրբեջանական կողմի մոտ:
Երրորդ սկզբունքը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ ԱԳ նախարարը կրկին հայտարարեց, որ Հայաստանը ոչ միայն դեմ չէ ապաշրջափակմանը, այլև իրեն համարում է այդ կոմունիկացիաների բացման հիմնական շահառուներից մեկը: Միրզոյանը վստահեցրեց` Երևանի մոտեցումը մնում է նույնը. բոլոր հաղորդակցությունները պետք է գործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են՝ իրավահավասարության և փոխադարձության հիման վրա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության3 հիմնական սկզբունքը համաձայնեցված է։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։
Բաքվում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է