ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Չինական BYD ընկերության հետ Հայաստանում համատեղ ընկերություն ստեղծելու հարց է քննարկվել։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մենք հիմա ծրագրեր ենք մշակում էլեկտրամոբիլների արտադրությունն ու սպառումը խթանելու համար։ Հենց այս թեմայով հանդիպում եմ ունեցել չինական BYD և մի շարք այլ ավտոարտադրող ընկերությունների հետ։ Քննարկել ենք Հայաստանում համատեղ ձեռնարկութjուններ ստեղծելու հարցը։ Միայն մեր երկիրը կարող է հետաքրքիր շուկա լինել, որովհետև այստեղ մոտ 600 000 մեքենա կա, և դրանց միջին տարիքը 20–ից ավելի է։ Ավտոմեքենաների պարկը թեթևացնելու կարիք կա։ Դրա հետ մեկտեղ ցանկանում ենք տեղական արտադրություն սկսել»,– նշեց Քերոբյանը։
Նրա խոսքով՝ էլեկտրական մեքենաների վերաբերյալ խնդիրն այն է, որ 2022-2023 թթ. եղած քվոտաները մասնակի են օգտագործվել։ Այսինքն` քվոտան 8000 է եղել, բայց նեմուծվել է 4000-ը։ Փորձը ցույց է տալիս, որ քվոտաներն ավելացնելն իմաստ չունի, որովհետև այն տեմպը, որով մասնավոր սեկտորը մեքենաներ է ներկրում, այնպիսին է, որ դա կբավականացնի։