Գերմանահայ Կառլ Չիլինգարյանին ժամանակին լուծվող սուրճի արքա էին անվանում։ Եվ դա չափազանցություն չէ. այժմ Գերմանիայում վաճառվող լուծվող սուրճի 20 տոկոսն արտադրում է «Չիբո» աշխարհահռչակ ընկերությունը, իսկ այդ անվանման առաջին երկու տառերը՝ չ-ն և ի-ն, Չիլինգարյան ազգանունից են, վերջին երկու տառերը՝ բ-ն և ո-ն, գերմաներին «բոհնեն» բառից են, ինչը նշանակում է սուրճի հատիկներ։ Այժմ միայն Գերմանիայում «Չիբոն» ունի մոտ հազար սուրճի խանութներ և սրճարաններ, բայց նրա արտադրանքը վաճառվում է բազմաթիվ այլ երկրներում՝ Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Իսրայելում, Լեհաստանում և այլուր։
Հիմա ընդհանրապես անհնար է պատկերացնել աշխարհն առանց սուրճի, որը դարձել է մարդկանց ամենասիրած ըմպելիքներից մեկը։ Geopolitika.news կայքը փաստում է.
«Բնության որոշ բարիքներ շատ մեծ ազդեցություն են գործում մարդկության զարգացման վրա։ Դրա օրինակներից մեկը սուրճն է։ Այն ավելին է, քան ըմպելիքը։ Դա ֆենոմեն է, որը երբեմն կանխորոշել է մարդկության պատմությունը։ Սուրճը տարբեր ժողովուրդների և պետությունների մշակույթի, տնտեսության, հասարակական կյանքի անքակտելի մասն է դարձել»։ Համաձայնե′ք, միանգամայն ճիշտ դիտարկում է։ Հայտնի է, օրինակ, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները հենց «Պապլավոկ» կոչվող սրճարանում սուրճի բաժակի շուրջ էին մշակում իշխանափոխության ծրագրերը։
Ի դեպ, քանզի այդ սրճարանը իմ աշխատավայրի դիմաց էր գտնվում, և գործընկերներով հաճախ էինք այնտեղ անցկացնում ընդմիջումը, հիշում եմ, որ «Պապլավոկում» սուրճը տաք ավազի վրա էին պատրաստում։ Հայաստանցիներն ընդհանրապես նույնիսկ առօրյա կյանքում բավական ավանդապաշտ են և շատ երկար ժամանակ չէին ընդունում լուծվող սուրճը, թեև այն սկսել էր տարածում գտնել դեռ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ խրամատներում օրերով նստած զինվորները սուրճն ավանդական ձևով եփելու հնարավորություն չունեին։ Իսկ արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան բանակը լուծվող սուրճի ավելի քան 150 հազար փաթեթ էր ստանում ամեն ամիս։ Հենց պատերազմից հետո էլ՝ 1949 թվականին, Կառլ Չիլինգարյանը և նրա գործընկեր Մաքս Հերցը հիմնեցին «Չիբո» ընկերությունը։
Լուծվող սուրճը շատ արագ գրավում էր ողջ աշխարհը, մրցակցությունը մեծ էր, և պետք էր անընդհատ նոր գաղափարներով գրավել սպառողին։ Չիլինգարյանն առաջարկեց շատ պարզ նորամուծություն՝ սուրճը վաճառել մետաղե տուփերով, ինչը միանգամից դուր եկավ տնային տնտեսուհիներին, որովհետև երբ սուրճը վերջանում էր, այդ տուփերը կարելի էր օգտագործել բրինձ, շաքարավազ, աղ կամ ալյուր պահելու համար։ Հետո նոր միտք ծագեց՝ մեծ քանակությամբ սուրճ գնողներին պարգևատրել նվերներով. դա կարող էր լինել գեղեցիկ սրբիչ, անձեռոցիկ, ձեռնոց, գոգնոց կամ նույնիսկ էժանագին ապարանջան։ Սա էլ լրացուցիչ գնորդներ բերեց։ Չիլինգարյանը փաստել է. «Մեր սուրճը մարդիկ պարզապես խլում էին միմյանց ձեռքից»։ Սուրճի բիզնեսը սկսեց ծաղկել, և «Չիբոյի» տերերը որոշեցին ընդլայնել ոլորտը. սկսեցին արտադրել հագուստ, կոշիկ, կենցաղային առարկաներ։ Ծնվեց նաև «Չիբո» զբոսաշրջային գործակալությունը, որի ծառայություններից այժմ օգտվում է տարեկան 250 հազար մարդ։
Մի քանի տարի առաջ «Չիբոյի» խանութներ բացվեցին նաև Հայաստանում։ Ճիշտ է, 7 տարի աշխատելուց հետո Երևանի ամենակենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում գտնվող հագուստի խանութի դռանը հայտնվեց «Մենք փակվում ենք» ցուցանակը։ Տնօրենը բացատրեց լրագրողներից մեկին. «Շատ դժվար է աշխատել Հայաստանում։ Վարձակալության գինը շարունակ աճում ու աճում է, իսկ ապրանք ներկրելը այլևս շահավետ չէ, որովհետև թանկացել է մաքսազերծման սակագինը»։ Այս դժվարություններն, իհարկե, ազդել են ոչ միայն «Չիբոյի» վրա։ Բոլորս էլ գիտենք՝ բավական է շրջել մայրաքաղաքի փողոցներով, և անպայման կտեսնենք առնվազն մի քանի խանութ և ռեստորան, որոնց ցուցափեղկին գրված է. «Վաճառվում է կամ տրվում է վարձով»։
Իսկ «Չիբոն», այնուամենայնիվ, կարողացավ դիմակայել համաշխարհային ֆինանսատնտեսական բոլոր մեծ ու փոքր ճգնաժամերին։ Հայազգի գործարարի անունով կոչվող ընկերության ցանցում այժմ աշխատում է ավելի քան 11 հազար մարդ։ Անցած տարի նրա վաճառքի ծավալը կազմել է 3 միլիարդ եվրո։ Ճիշտ է, այդ ընկերությունն արդեն պատկանում է միայն Մաքս Հերցի ընտանիքին, քանզի Կառլ Չիլինգարյանը ֆինանսական դժվարություների պատճառով վաղուց էր գերմանացի գործընկերոջը վաճառել իրեն պատկանող մասնաբաժինը։
Չիլինգարյանների տոհմածառը հասնում է մինչև 1650 թվականը։ Այդ գերդաստանից են Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին սպանված բանաստեղծ և արձակագիր Ռուբեն Սևակը, Խորհրդային Միության հերոս, բևեռախույզ և հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովը, Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի գեներալ Ջորջ Չիլինգարյանը, Հայկական առաջին հանրապետության արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանը և այլ նշանավոր գործիչներ։
Կառլ Չիլինգարյանն այլևս չկա, նա մահացավ 1987 թվականին, և նրա աճյունն ամփոփված է Համբուրգի գերեզմանատան ընտանեկան դամբարանում։ Բայց այսօր էլ միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում առավոտյան արթնանալուց հետո գնում են խոհանոց և բացում սուրճի այն տուփը, որի վրա գրված է «Չիբո»։