ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը շատ ավելին կարող էր անել և շատ ավելի զենք կարող էր ձեռք բերել, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ։ Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին` ՀՀ–ի կողմից ձեռքբերվող զենքերի մասին։
«Խոսքը պաշտպանական զենքերի մասին է, մենք որևէ հարձակողական նպատակ չունենք, յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է ձեռք բերել պաշտպանական սպառազինություն։ Մենք շատ ավելին կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ։ Գաղտնիք չէ, որ այդպիսի խնդիրներ կան»,– շեշտեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նա շեշտեց, որ այսօր Հայաստանը կարողանում է անհամեմատ ավելի շատ զենք ձեռք բերել ու անհամեմատ ավելի շատ երկրներից, քան նախկին իշխանությունների օրոք էր արվում։
«Ձեր քաղաքական կուսակցությունը կերազեր այդպիսի գործարքներ անել, գնալ տարբեր երկրներ և խնդրել։ Սովոր էիք և այդպիսին էր կարգը, համակերպված էիք, որ պիպետկով կաթացնեն էնքան զենք, ինչքան պետք է և չկաթացնեն էնքան զենք, երբ որ դրա կարիքը չլինի, որ էդտեղ էլ ՀՀ–ն հաշվարկված կերպով ծնկի բերվի և գործի դրվեն այլ սցենարներ։ Բարեբախտաբար, հիմա այլ վիճակում ենք»,– ասաց Միրզոյանը։
Միրզոյանը կարծում է, որ նախկին իշխանությունների օրոք ստեղծված և այսօրվա ընդդիմության կողմից այդքան փայփայված անվտանգության մեխանիզմներն այսօր չեն աշխատում։
«Խաղաղապահների մեխանիզմը չի աշխատել Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումներ են եղել 2020-ից հետո՝ 2021-ի մայիսին և 2022-ի սեպտեմբերին։ Եվ բոլոր այն մեխանիզմները, որոնք գծվել են ձեր օրոք և փայփայվում են, այդքան քարոզվում են ձեր կողմից, չաշխատեցին»,– հավելեց Միրզոյանը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 23-ին երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր ստորագրեցին։ Լըկորնյուն հաջորդ օրը հայտարարեց, որ Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։ Նրա խոսքով` ստորագրվել է երեք GM200 ռադար ձեռք բերելու պայմանագիր և հակաօդային պաշտպանության ոլորտում «Միստրալ» հրթիռներ ձեռք բերելու հուշագիր։