«Արթիկ» ՔԿՀ–ում տեսակցության եկած կնոջ մարմնում կանաչ զանգված է հայտնաբերվել

«Արթիկ» ՔԿՀ–ում տեսակցության եկած կնոջ մարմնում կանաչ զանգված է հայտնաբերվել
Կինը կալանավայր էր գնացել երկարատև տեսակցության շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ երկարատև տեսակցության եկած կնոջ` Ե. Հ.–ի մոտ շուրջ 30 գրամ քաշով պոլիէթիլենային փաթեթ է հայտնաբերվել, որի մեջ կանաչ զանգված է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
Նշվում է, որ Ե.Հ.–ն նոյեմբերի 2-ին, ժամը 12։40-ի սահմաններում տեսակցության է եկել կալանավորված Ա.Հ.–ին։
«ՔԿՀ ծառայողները խուզարկությունների համար նախատեսված սենյակում անձնական զննության են ենթարկել Ե.Հ.–ին։ Արդյունքում հայտնաբերել են վերջինիս մարմնում թաքցված, 28․26 գրամ քաշով պոլիէթիլենային փաթեթ՝ կանաչ զանգվածով»,– ասված է հաղորդագրությունում։
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։