Արցախից տեղահանվածները նոյեմբերին և դեկտեմբերին կստանան 50-հազարական դրամները

Արցախից բռնի տեղահանվածները Գորիսում. Արխիվային լուսանկար
Ծրագիրը թույլ կտա աշխատունակ հատվածին դիմակայել այնքան ժամանակ, մինչև աշխատանքի գնալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարությունը նախատեսում է առաջիկա նիստում հաստատել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների ֆինանսական աջակցության երրորդ ծրագիրը։ Այս մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Նա ընդգծեց, որ խոսքը 50 հազար դրամների տրամադրման մասին է։
«Ծրագիրը գործելու է նոյեմբերին և դեկտեմբերին։ Փողերը վճարվելուն են բոլորին` առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար»,– ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` այս ծրագիրը թույլ կտա աշխատունակ հատվածին դիմանալ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք աշխատանք չեն գտել։
Ինչ վերաբերում է այլ ծրագրերին, ապա միանվագ օգնություն արդեն ստացել է 100 հազար 820 քաղաքացի, ևս 4200-ին կհատկացվի ֆինանսավորում: Բնակարանային ծախսերը հոգալու և կոմունալ ծառայությունների համար (40 000 + 10 000 դրամ սոցիալական աջակցություն) գումար է հատկացվել 92 525 քաղաքացու։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։