ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված անձանցից 113–ը շարունակում են բուժում ստանալ հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, 11-ի վիճակը ծանր է, 3–ինը` ծայրահեղ ծանր։ Այս տվյալները ճեպազրույցում հայտնեց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։
«Այս պահին ավելի քան 100 հիվանդ դուրս է գրվել, ևս 19-ը բուժում է ստանում արտերկրում։ Դրական դինամիկա կա»,-ասաց նա։
Ջումայանի խոսքով` առողջապահության նախարարության առողջության պահպանման առաջնային օղակներում հաշվառված է ԼՂ–ից բռնի տեղահանված 53 000 քաղաքացի։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։