Այս տարի Հայաստան–ԵՄ առևտրաշրջանառությունն աճել է մոտ 40 տոկոսով. Քերոբյան

Վահան Քերոբյան
Նախարարի խոսքով` Ռուսաստանի Դաշնությունից հետո Եվրամիությունը Հայաստանի երկրորդ ամենախոշոր գործընկերն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Եվրամիության միջև առևտրաշրջանառությունը ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում կազմել է 2 մլրդ 116 մլն ԱՄՆ դոլար։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս տվյալը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելացել է մոտ 40 տոկոսով։
«Ըստ էության, եթե վերցնենք Եվրամիությունը` որպես մեկ ընդհանուր շուկա, մեր երկրորդ ամենախոշոր առևտրային գործընկերն է Ռուսաստանի Դաշնությունից հետո»,– նշեց Քերոբյանը։
Զբոսաշրջության ոլորտի բյուջեն վերջին 3 տարում ավելացել է 6,5 անգամ. Քերոբյան
Նախարարն ուրախությամբ ընդգծեց, որ առևտրաշրջանառությունն աճել է ԵՄ գլխավոր տնտեսական երկրների հետ։ Օրինակ` Ֆրանսիայի հետ այս ցուցանիշը աճել է 53 տոկոսով, Գերմանիայի դեպքում` 40 տոկոսով, Նիդեռլանդների հետ` 44 տոկոսով և այլն։
Քերոբյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանը խորացնում է տնտեսական հարաբերությունները Չինաստանի, Պարսից ծոցի երկրների, ԱՄՆ–ի հետ։ Նպատակն է արտաքին առևտրային հարաբերությունները դարձնել ավելի բազմազան ու դիվերսիֆիկացված։
ՌԴ-ի հետ առևտրային հարաբերությունները չափազանց կարևոր են Հայաստանի համար. Քերոբյան