Լուրեր․ Sputnik Արմենիայի 14։00-ի թողարկումը

Sputnik
▪️ Արտգործնախարարության բյուջեն 2024-ին կավելանա 504 մլն դրամով, բայց 1 մլրդ–ով պակաս կլինի ներկայացված հայտից։
▪️ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի կնքման առաջարկների փոխանակման 6-րդ փուլն են վարում։ Արտգործնախարար Միրզոյանի խոսքով` Ադրբեջանը խաղաղության օրակարգից շեղելու փորձեր է անում, այդուհանդերձ, Երևանը հավատարիմ է այդ օրակարգին։
▪️ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունում օկուպացրել է 200 կմ² տարածք։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանն ունի տարածք, որ 90-ականներից և մինչև օրս Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Ունենք նաև թարմ օրինակներ։
▪️ Ազգային Ժողովում Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ եթե լոգիստիկ խնդիրներ չլինեին՝ ավելի շատ զինատեսակներ ձեռք կբերեին։ Արտգործնախարարը ճշտել է, որ խոսքը պաշտպանական զենքերի մասին է և, որ Հայաստանը հարձակվելու նպատակ չունի։ Արարատ Միրզոյանի խոսքով` այսօր Հայաստանը կարողանում է անհամեմատ ավելի շատ զենք ձեռքբերել, քան նախկինների օրոք էր։
▪️ «Հայաստանի համար շատ կարևոր է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը»,- խորհրդարանում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը` նշելով, որ կա գործընթաց, կա խոսակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին։
▪️ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը և հետկոնֆլիկտային զարգացումները։ Արցախի դեմ սեպտեմբերյան ագրեսիան նրանք համարել են «հաջողությամբ իրականացված գործողություն»։ Էրդողան-Ալիև հանդիպումը տեղի է ունեցել Աստանայում, թյուրքական պետությունների ղեկավարների հավաքի ժամանակ։ Իր ելույթում Էրդողանը կարևոր է համարել, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի նկատմամբ։ Մեծ նշանակություն ունի նաև Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային գծի իրագործումը։
▪️ Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը Հայաստանի օրակարգում է, - հայտարարել է փոխարտգորնախարարը։ Պարույր Հովհաննիսյանի խոսքով` քաղաքական համագործակցությունը Եվրամիության հետ խորացել է:
▪️ Ազգային Ժողովի հանձնաժողովում բյուջեի քննարկմանը` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը նկատել է, որ Ադրբեջանն առաջիկայում Եվրամիութան կարևոր գործընկեր է դառնալու էներգետիկ ոլորտում։ Նա հետաքրքրվել է, թե ինչ ակնկալիքներ ունի Եվրամիությունը Հայաստանից, օրինակ` աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխություն։ Պարույր Հովհաննիսյանը հարցը զգայուն է որակել։
▪️ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է մոտ 44 տոկոսով։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ տարբեր երկրների առևտրային հարաբերությունների խորացումն ու դիվերսիֆիկացումը չի վնասում ԵԱՏՄ գործընկերների հետ առևտրաշրջանառությանը։ Ռուսաստանի հետ այս տարվա 9 ամիսների ընթացքում առևտրաշրջանառությունն ավելացել է գրեթե 50 տոկոսով։
▪️ Արցախից բռնի տեղահանված և Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում բնակություն հաստատած արցախցի 500 երեխա ստացել է Ռուսաստանից ուղարկված օգնությունը, որը տեղ է հասցրել «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամը։ Արցախցի երեխաները կարող են նաև անվճար սովորել հիմնադրամի ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրման կենտրոններում:
▪️ Ամենայն հայոց կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելել է Կոտայքի թեմի Ծաղկաձորի ճամբար, որտեղ ապրում են Արցախից բռնի տեղահանված 38 ընտանիքներ։ Հայոց Հայրապետն ընդգծել է, որ Մայր աթոռ սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով այս օրերին լծված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքները հոգալու աշխատանքներին։
▪️ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում թափառող շունը հարձակվել է տարեց կնոջ վրա և կծել: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին։ Երբ ոստիկաններն ահազանգով մեկնել են Մերձավանի բուժամբուլատորիա, 76-ամյա կինն արդեն մահացած է եղել։
▪️ Մայրքաղաքի իշխանությունը որոշել է փոխել գովազդային վահանակները։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ նպատակը Երևանի գեղեցիկ ճարտարապետությունը չաղավաղելն է, բազմաթիվ շենքեր այսօր փակված են արտաքին գովազդով։ Հունվարի 1-ից հետո քաղաքապետարանը կիրականացնի գովազդային վահանակների մասսայական ապամոնտաժում։
Sputnik Արմենիա, 106․0FM