Ողջունում ենք լարվածության թուլացման միտումները․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Փաշինյան-Ասադով հանդիպման մասին

Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի համոզմամբ` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը մնում է 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների համալիրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Մոսկվան ողջունում է այն շփումները, որոնք կարող են բերել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության նվազմանը։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թբիլիսիում Փաշինյան-Ղարիբաշվիլի-Ասադով հանդիպումը։
Հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացել է երեք երկրների վարչապետների եռակողմ հանդիպումը: Նիկոլ Փաշինյանի, Իրակլի Ղարիբաշվիլիի և Ալի Ասադովի բանակցությունները մի քանի ժամ են տևել։
Միաժամանակ, Մոսկվան համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը մնում են եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ընդունվել են 2020-2022 թվականներին։
«Դա ներառում է երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանազատումը, քաղաքացիական հասարակության մակարդակով երկխոսությունը և այլն»,– շեշտեց Զախարովան:
Նա նաև վերահաստատեց ռուսական կողմի պատրաստակամությունը` կազմակերպելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։