ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին: Համապատասխան որոշումը ստորագրել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն հիմնելու մասին նոտաների փոխանակման միջոցով համաձայնագիր կնքելու մասին Ռուսաստանի ԱԳՆ–ի առաջարկը»,–ասվում է փաստաթղթում:
ՌԴ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է նոտաների փոխանակում իրականացնել։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նախագծի մեջ կատարել փոփոխություններ, որոնք չեն լինի սկզբունքային:
Հիշեցնենք, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հնարավոր բացման մասին առաջին անգամ մայիսի վերջին հայտնեց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Պալտովը։ Նրա խոսքով` Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Փաշինյան–Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել այս նախաձեռնությանը։
ՀՀ ԱԳՆ–ն դրական էր արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։
Հավելենք, որ Իրանն արդեն Կապանում գլխավոր հյուպատոսություն է բացել 2022 թվականի հոկտեմբերին, նմանատիպ ծրագրերի մասին հայտարարել է նաև Ֆրանսիան։