ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է մարզի նոր կառուցվող մոդուլային զորամասերից մեկը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախագահը ծանոթացել է ընթացող աշխատանքներին և զրուցել շինարարների, ինչպես նաև զինվորական ղեկավարության հետ, և հետաքրքրվել նոր տիպի զորամասերի կառուցման ընթացքից»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ապա Վահագն Խաչատուրյանը այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սյունիքում գտնվող բազմազավակ ընտանիքներին:
Նա ծանոթացել է նրանց բնակության պայմաններին, անմիջական մթնոլորտում զրուցել նրանց հետ։
Մյուս հաղորդագրությամբ նախագահականից տեղեկացրել են, որ Վահագն Խաչատուրյանը Մեղրիում այցելել է «Sunny Meghri» չրի գործարան։
«Գործարանի տնօրեն Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրությանը, զրուցել աշխատակիցների հետ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նախագահը եղել է նաև սահմանամերձ Ծավ գյուղում։
Նախագահը զրուցել է բնակիչների հետ, անդրադարձել նրանց հետաքրքրող հարցերին։
Այնուհետև, նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է դպրոց, ծանոթացել ընդհանուր հարմարություններին և զրուցել աշակերտների հետ։