Կարմրուկի բռնկում ունենք, բայց դեպի մարում է գնում. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. Արխիվային լուսանկար
Առողջապահության նախարարը նշում է, որ կարմրուկի տարածվածության առումով իրավիճակը վերահսկելի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի դեպքերի բռնկում ունենք, բայց այն արդեն սկսում է մարել։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք ունենք բռնկում, բայց այս պահին դեպի մարում է գնում։ Իրավիճակը վերահսկելի է, բայց մեր զգոնությունը դրանից չի պակասում։ Բոլոր բժշկական կենտրոններում արվում են բոլոր հետազոտական աշխատանքները, որպեսզի որևէ դեպք բաց չթողնենք»,- ասաց Ավանեսյանը։
Նա հորդորեց քաղաքացիներին, որպեսզի «Ազգային իմունիզացիոն ծրագրով» երեխաների պատվաստումներն օր անգամ չուշացնեն` կարմրուկից մահվան դեպքեր չգրանցելու համար։
Հիշեցնենք՝ Հայաստանում հոկտեմբերի 25-ին առողջական խնդիրներ ունեցող և կարմրուկով վարակված 1 տարեկան 8 ամսական երեխա էր մահացել։ Փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով էր հոսպիտալացվել։ Նա կարմրուկի դեմ պատվաստված չէր եղել։