ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Այս պահին ՀՀ–ն ունի ընդամենը մեկ հանձնակատար, որը ներկայացնում է Լեհաստանը։ ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021 թ. նոյեմբերին ՀՀ ԱԺ–ն ընդունեց օրենք, որով ներդրվել է սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտը:
«Լեհաստանի հայ համայնքը փոքր է, դրա համար մեկից ավելի հանձնակատար ունենալու անհրաժեշտությունը չկա»,– հայտարարեց Սինանյանը։
Սինանյանի խոսքով` մինչև 2023 թ. տարեվերջ ՀՀ–ն կունենա ևս երեք հանձնակատար։
«Մենք մեր առաջ նպատակ ենք դրել մտածված, ուղղորդված, ըստ Սփյուռքի` աշխարհագրորեն բաժանած մեր քարտեզի վրա ունենալ մի քանի տասնյակ հանձնակատարներ»,– վստահեցրեց Սինանյանը։
Նշենք, որ ըստ օրենքի` ունենալով հանձնակատար համայնքում, ՀՀ–ն կարողանալու է տեղում ապահովել անձի ներկայություն, որը կզբաղվի Հայաստան–Սփյուռք գործակցությամբ։ Նա պետք է լինի ազդեցիկ, համայնքի մեծամասնության կողմից ընդունելի անձնավորություն։ Հանձնակատարները ինչ-որ չափով բեռնաթափելու են դիվանագիտական ծառայության պարտականությունները, որպեսզի դիվանագետներն ավելի շատ զբաղվեն դիվանագիտությամբ, իսկ համայնքային հարցերով, սփյուռքով զբաղվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: