ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ազատ շուկա է անցել Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման մոտ 17 տոկոսը։ Այս մասին են վկայում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (էլեկտրաէներգիայի, գազի, ջրամատակարարման և հեռահաղորդակցության շուկաների կարգավորիչ) տվյալները։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ շուկայում գրանցված է էլեկտրաէներգիայի 7-8 այլընտրանքային մատակարար, բայց ակտիվորեն գործում են 2-3-ը։
Հանրապետությունում բաշխիչ ցանցը նախկինի պես մեկը կլինի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կառավարման ներքո։ Սակայն 2022 թվականից էլեկտրաէներգիայի առևտուր կարող են անել ոչ միայն Էլեկտրացանցերը, այլև մյուս մատակարարները, որոնք Էլցանցերին ֆիքսված գումար են վճարում աշխատանքի տեխնիկական մասի համար (էլեկտրաէներգիայի ֆիզիկական բաշխում)։ Այլընտրանքային թրեյդերների խնդիրն է մրցակցել՝ նվազեցնելով վարչական ծախսերը, ինչպես նաև էլեկտրակայաններին ավելի բարենպաստ պայմաններ առաջարկելով (և ոչ միայն գնի հարցում, այլև էլեկտրաէներգիայի արտադրության ռեժիմների հարցում):
«Կարգավորվող և շուկայական սակագների տարբերության վերաբերյալ առայժմ հստակ վերլուծություն չունենք, բայց շուկայական պայմաններում ծախսերի կրճատում ենք նկատում, հատկապես՝ բարձր լարման էլեկտրաէներգիա օգտագործող բաժանորդների մոտ», - նշեց Ուլիխանյանը:
2022 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը շուկայական պայմաններին կարելի էր կամավոր անցնել։ Այս տարվա փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը շուկա պետք է անցնի ամբողջ բիզնեսը(սկզբում՝ 110 կՎ լարման խոշոր սպառողները, հետո՝ միջին և փոքր)։ Բայց խոշոր բիզնեսը սկսել է շուկա անցնել դեռ անցյալ տարվանից։ Այս տարի անցումը շարունակվել է, ընդ որում, Ուլիխանյանը նշեց, որ նաև ոչ խոշոր սպառողների կողմից (6 կՎ լարման)։
Նշենք, որ տնային տնտեսությունները 2025 թվականից հետո էլ կարող են «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժանորդ մնալ, իսկ շուկայական սակագներին անցնելը զուտ կամավոր է լինելու։ Միակ պայմանը՝ մտնելով շուկա, անհնար կլինի «Էլցանցերին» վերադառնալ (որ իրենց բաժանորդային բազայում քաոսային խմորումներ չլինեն)։