Գազայի հատվածում 36 հիվանդանոցներից 14-ն այլևս չեն աշխատում. ԱՀԿ ղեկավար

Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը . Արխիվային լուսանկար
ԱՀԿ-ն մարդասիրական օգնության հրատապ և լայնածավալ հասանելիության կոչ է անում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Գազայի հատվածում 36 հիվանդանոցներից 14-ը, ինչպես նաև երկու մասնագիտացված կենտրոններն այլևս չեն գործում` վառելիքի պակասի, հարվածների հետևանքով վնասների և անվտանգության բացակայության պատճառով: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը «X» սոցցանցի իր էջում։
«Հիվանդանոցները, որոնք դեռ բաց են, 40 տոկոսով ավելի ծանրաբեռնված են հիվանդներով, քան նախատեսված է այնտեղ բուժելու համար»,-գրել է Գեբրեյեսուսը:
Նա հավելել է, որ ԱՀԿ-ն մարդասիրական օգնությանը հրատապ և լայնածավալ հասանելիության կոչ է անում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։