ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ավարտել է Գազա քաղաքի շրջափակման գործողությունը: Այս մասին հայտարարել է բանակի մամուլի ծառայության ղեկավար, բրիգադի գեներալ Դանիել Հագարին։
«Գազա քաղաքը շրջափակելու ջանքերն ավարտվել են։ Զինվորները գրոհում են ՀԱՄԱՍ- ի ֆորպոստերի, շտաբների, արձակման դիրքերի և ենթակառուցվածքների վրա», - հայտարարել է իսրայելցի գեներալը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։