Երևանը պետք է լինի «խելացի քաղաք», չինական փորձը կարող է օգնել դրան. Ավինյան

Երևանի և Ցինդաոյի միջև այս տարի ամռանը ստորագրվել է քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Երևանը պետք է լինի «խելացի քաղաք»` թվայնացված ու արդիականացված, այդ հարցում չինական Ցինդաոյի փորձը կարող է օգտակար լինել։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Լյումինգի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Տիգրան Ավինյանի ու Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Լյումինգի գլխավորած պատվիրակության հանդիպումը
Առանձնակի կարևորելով երկուստեք կապերի ամրապնդումն ու ընդլայնումը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ կողմերը պետք է հետևողական աշխատանք տանեն ստորագրված փաստաթուղթը գործնականում կյանքի կոչելու համար:
«Մենք պետք է համատեղենք մեր երկու թիմերի ջանքերը, որ Երևանի և Ցինդաոյի միջև հաստատված գործակցությունը դառնա արդյունք: Ես տպավորված եմ Չինաստանի տարբեր քաղաքներում ներդրված խելացի լուծումներով ու համակարգերով, որոնք հեշտացնում են մարդկանց կյանքը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:
Վան Լյումինգը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ցինդաո:
«Ցինդաոն Չինաստանի, Երևանն էլ Հայաստանի տնտեսական կենտրոնն է, և ես վստահ եմ, որ համագործակցության շրջանակում շատ բաներ կսովորենք իրարից, ինչից կշահեն երկու քաղաքները»,– ասել է Վան Լյումինգը։
Տիգրան Ավինյանն ու Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Լյումինգը
Հանդիպման շրջանակում կողմերը պայմանավորվել են քաղաքային տնտեսության հստակ ուղղություններով մշակել աշխատանքային ծրագիր՝ գործնականում դրանք կյանքի կոչելու համար:
Նշենք, որ երկու քաղաքների միջև այս տարի ամռանը ստորագրվել է քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր: