«Բոլոր թունելները պայթեցվել են, բոլոր հրթիռային կայանքները ոչնչացվել են, ՀԱՄԱՍ-ի բոլոր առաջնորդները բանտարկվել են, և Իսրայելի իշխանությունները հրաման են տալիս իրենց զինվորականներին՝ վերադարձե՛ք տուն։ Արդյոք հենց հաջորդ օրը Գազայում ի հայտ չի՞ գա մի նոր, միգուցե ավելի ագրեսիվ ՀԱՄԱՍ, որը կսկսի նոր թունելներ փորել, նոր հրթիռներ պատրաստել և նոր հարձակումներ նախապատրաստել Իսրայելի տարածքի վրա», - հարց է տալիս արևմտյան քաղաքագետներից մեկը։ Համաձայնե՛ք, միանգամայն հավանական սցենար է։ Էդ դեպքում բա այլընտրանքը ո՞րն է։
Ամենահեշտ ելքը, իհարկե, արցախյան նախադեպն է։ Այսինքն` բոլոր երկու միլիոն պաղեստինցիները մի օրում թողնում են իրենց տները և դուրս են գալիս Գազայից։ Սակայն տարբերությունն ակնհայտ է՝ ղարաբաղցիների տեղահանմանը աշխարհի որևէ պետություն ակտիվորեն չընդդիմացավ, անկեղծ ասենք, նույնիսկ Հայաստանը։ Գազայի բնակչության բռնի տեղահանումը, անկասկած, սվիններով կընդունվի միջազգային հանրության կողմից, մանավանդ հենց հիմա էլ բազմաթիվ ցույցեր են կազմակերպվում ի պաշտպանություն Գազայի։ Ու նաևարցախցիները գնալու տեղ ունեին։ Գազայի պաղեստինցիները գնալու տեղ չունեն, որովհետեւ նույնիսկ արաբական երկրները չեն ուզում նրանց ընդունել՝ վախենալով, որ իրենց տարածքում լարվածության նոր օջախ կստեղծվի։ Արևմտյան պետությունների մասին չեմ էլ խոսում։
Իհարկե, ամենամեղմ տարբերակը կլիներ, եթե Գազայում ազատ և արդար ընտրությունների արդյունքում իշխանության գար ժողովրդավարական մի ուժ, որի հետ շատ հանգիստ լեզու կգտներ Իսրայելը։ Բայց վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս՝ եթե ընտրությունները կայանային հենց վաղը, ՀԱՄԱՍ-ի օգտին կքվեարկեր Գազայի բնակչության 65 տոկոսը։ Սա նույն հայաստանյան պրոբլեմն է, երբ իշխանությունների դեմ ընդվզելու յուրաքանչյուր հորդոր բախվում է հավերժ հարցին՝ բա ո՞ւմ օգտին քվեարկեմ, հո ընտրություն կեղծող կոռումպացված նախկինների՞ն չեմ տալու ձայնս։ Կարգին առաջնորդներ լինեին, կընտրեի։
Պաղեստինի պարագայում էլ վերլուծաբանները գրեթե անհնար են համարում, որ Հորդանանի արևմտյան ափի քաղաքական ուժերն ու գործիչները` Մահմուդ Աբասի ղեկավարությամբ կարող են տարածել իրենց իշխանությունը նաև Գազայում։ Ճիշտ է, այդ ուժերը ճիշտ հայաստանյան ներկա իշխանությունների նման անընդհատ բերում են նույն չարչրկված փաստարկը, թե ժողովրդի կամքով են ընտրվել, բայց Պաղեստինի դեպքում դա ավելի ծիծաղելի է, քանզի վերջին անգամ ընտրություններն այնտեղ անցկացվել են գրեթե 20 տարի առաջ՝ 2007 թվականին։ Իսրայելն էլ այս դեպքում որևէ դերակատարություն ունենալ չի կարող, որովհետև, ինչպես փաստում է ԲիԲիՍի-ն, չկա Արևմտյան ափին գեթ մի գործիչ, որը լրջորեն մտածում է, թե կարող է Գազայում իշխանության գալ իսրայելյան տանկերի աջակցությամբ։
Շատ տարբերակներ են այս օրերին քննարկում։ Ոմանք նույնիսկ առաջարկում են Իսրայելին մնալ Գազայում և լիովին վերահսկել այդ տարածքի կառավարումը, այսինքն՝ ռեօկուպացիա։ Բայց այդ դեպքում Իսրայելը ստիպված է լինելու բառիս բուն իմաստով կերակրել ավելի քան 2 միլիոն պաղեստինցիներին։ Այն էլ՝ քաջ գիտակցելով, որ այդ մարդկանց առնվազն մի մասը պատրաստ է հենց վաղը կրկին ընտրել մի արմատական, ծայրահեղական ուժի, որի ծրագրային նպատակն է Իսրայելի ոչնչացումը։
Գոյություն ունի նաև այսպիսի տարբերակ։ Գազայի կառավարումը ստանձնում են արաբական երկրները, մանավանդ որ, օրերս այդ պետություններից 6-ը հայտարարել են, թե հակամարտության կարգավորմանը կարող են էապես նպաստել արաբական խաղաղարար ուժերը։ Սակայն երբ լրագրողները հարց են ուղղել այդ 6 երկրների ղեկավարներին՝ իսկ դուք պատրա՞ստ եք խաղաղապահներ գործուղել Գազա, գրեթե բոլորի պատասխանը նույնն է եղել. մենք ընդամենը գաղափարն ենք առաջ քաշել։ Այսինքն` բոլորիս լավ ծանոթ իրավիճակ՝ իմ գործը առաջարկելն է, իսկ կոնկրետ գործով թող Պողոսը զբաղվի։
Բլումբերգ գործակալությունը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, պնդում է, թե հենց այս օրերին Գազայի ապագայի տարբերակները քննարկվում են ԱՄՆ-ի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ, ընդ որում, դիտարկվում է նաև Գազան ՄԱԿ-ի հովանու ներքո փոխանցելու հնարավորությունը։ Այս առիթով հիշեցի, որ տարիներ առաջ հայաստանցի քաղաքագետներից մեկն էլ առաջարկում էր քննարկել Արցախը ՄԱԿ-ի տնօրինությանը հանձնելու տարբերակը, որն այդպես էլ կյանքի չկոչվեց։ Երևի Նյու Յորքում հայերիս հասկացրին, որ բազմաթիվ հոգսեր ունեցող ՄԱԿ-ը խիստ բացասական է վերաբերվում այդ նոր գլխացավանքին։
Այժմ էլ իսրայելցի մի անանուն պաշտոնյա արևմտյան լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերվում Գազայում ՄԱԿ-ի անմիջական կառավարում հաստատելու առաջարկին, զարմանալի անկեղծությամբ պատասխանել է. «Ախր, դուք էլ հրաշալի գիտեք, որ ՄԱԿ-ը միանգամայն դատարկ ու բացարձակապես անգործունյա կառույց է»։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։