ԵԽԽՎ ներկայացուցիչները փաստահավաք այց կկատարեն Հայաստան

Համազեկուցողները կմեկնեն Երասխ, կհանդիպեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 6-8-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) փաստահավաք այց կկատարեն Հայաստան: Այս մասին գրված է Եվրոպայի խորհրդի կայքէջում:
Նշվում է, որ Երևանում համազեկուցողները կհանդիպեն վարչապետի, արդարադատության և ներքին գործերի նախարարների, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորների հետ:
«Նախատեսվում են բանակցություններ Սահմանադրական դատարանի նախագահի և դատական իշխանության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Համազեկուցողները կմեկնեն նաև Երասխ, որտեղ կհանդիպեն տեղական իշխանությունների ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ:
«Էստեղ կնստեմ, աչքս` թուրքի պոստին». սահմանամերձ Բերքաբերում արցախցի ընտանիք է հաստատվել