ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ԵԱՏՄ երկրների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարները ռուբլով փոխանցելու հնարավորության մասին ՌԴ կառավարության առաջարկի հետ։
Այս մասին ասվում է ՌԴ–ի նախագահի համապատասխան կարգադրության մեջ, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
Փաստաթղթի համաձայն` առաջարկվում է փոփոխություն մտցնել 2014 թվականի մայիսի 29-ի` ԵԱՏՄ–ի մասին պայմանագրում։
«Նպատակահարմար համարել սույն կարգադրությամբ նախատեսված արձանագրության ստորագրումը», – ասվում է փաստաթղթում։
Փոփոխությունների համաձայն` անհրաժեշտության դեպքում ԵԱՏՄ անդամ երկրները կկարողանան մաքսատուրքերը փոխանցել համապատասխան գումարին համարժեք ոչ թե դոլարով, այլ ռուբլով։