ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նոյեմբերի 2-10-ը կայցելի Իսրայել, Հորդանան, Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն և Հնդկաստան: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ Թել Ավիվում Բլինկենը մտադիր է հայտարարել ահաբեկչությունից ինքնապաշտպանվելու Իսրայելի իրավունքի՝ ԱՄՆ-ի կողմից աջակցության մասին, ինչպես նաև քննարկել Վաշինգտոնի ջանքերը՝ ուղղված ամերիկացի քաղաքացիների անվտանգության ապահովմանը, պատանդների ազատ արձակմանը և Գազայի հատվածին մարդասիրական օգնության մատակարարումների ավելացմանը:
Հորդանանում ԱՄՆ պետքարտուղարը նախատեսում է քննարկել Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման հեռանկարները:
Տոկիոյում Բլինկենը կմասնակցի «Յոթնյակի» երկրների արտգործնախարարների հանդիպմանը, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կունենա Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և երկրի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավայի հետ:
Սեուլում ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ կունենա Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի և արտգործխնախարար Պակ Չինի հետ:
Դրանից հետո Բլինկենը կմեկնի Նյու Դելի, որտեղ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ «2+2» ձևաչափով կքննարկեն հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին Բլինկենն ավելի վաղ այցելել էր Իսրայել, Սաուդյան Արաբիա, Հորդանան, Կատար, Բահրեյն, ԱՄԷ և Եգիպտոս: Բացի այդ, հոկտեմբերի 18-ին մեկօրյա արտակարգ այցով Իսրայել էր այցելել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։