ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև կստորագրվի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի վարկային համաձայնագիրը՝ լրացուցիչ 66,1 եվրո ֆինանսավորմամբ: Համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու որոշումն ընդունվեց այսօրվա ՀՀ կառավարության նիստում։
Նշվում է, որ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը» ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև իրականացվում է 2015 թվականիցև նախատեսված է մինչև 2026 թ․ մայիսի 30-ը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից ՀՀ պետական համաֆինանսավորումը կազմում է 18,5 մլն դոլար:
«Ի տարբերություն այլ ծրագրերի, այս ծրագիրը հանդիսանում է արդյունքահեն, որը ենթադրում է, որ համապատասխան ֆինանսական միջոցները ՀՀ–ին տրամադրվում են նախատեսված արդյունքների ապահովման դեպքում»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Ծրագրով նախատեսվում է առնվազն 46 դպրոցների կառուցում կամ ամրացում և շուրջ 20 000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովում: Մինչ այժմ կառուցվել է 16 դպրոց։ Ներկայումս ընթանում են 19 դպրոցի շինարարական աշխատանքներ, ևս մեկ դպրոցի կառուցման նպատակով հայտարարված է մրցույթ։ 10 դպրոց գտնվում է նախագծային` ավարտական աշխատանքերի տարբեր փուլերում։
Նշվում է, որ մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքում ծախսվել է հատկացված ֆինանսական միջոցների շուրջ 80%–ը։
ԱԶԲ–ից լրացուցիչ միջոցներ ներգրավելու անհրաժեշտությունն առաջացել էր ծրագրի վրա փոխարժեքի կուրսի տատանման բացասական զգալի ազդեցության հետևանքով։ Վարկային պայմանագրի մեկնարկի ժամանակ 1 ԱՄՆ դոլարը 489 դրամ էր: Բացի այդ, ծրագրի վրա էապես ազդել է նաև շինարարական նյութերի թանկացումը։