ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Արարատյան դաշտի խորքային հորերի ապօրինի ջրօգտագործումը կքրեականացվի։ ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նա տեղեկացրեց, որ այդ նպատակով ՀՀ Ջրային և Քրեական օրենսգրքերում համապատասխան փոփոխություններ են արվել, որոնք շուտով ուժի մեջ կմտնեն։
Նախարարը նաև ընդգծեց, որ Արարատյան դաշտի արտեզյան ջրերի պահպանման խնդիրը լուրջ է, և այս ուղղությամբ նախարարությունը համալիր գործողություններ է անում, որոնք վերաբերում են հատկապես ջրօգտագործման արդյունավետության բարձրացմանը։
«Այս նպատակով օրենսդրությամբ սահմանված է փակ շրջանառու համակարգը։ Մենք այս պահին նաև համակարգի կարգն ենք սահմանում, ունենք փաթեթը, որը առաջիկայում կներկայացնենք ՀՀ կառավարության քննարկմանը։ Դա կնշանակի, որ, օրինակ, ձկնաբուծարաններն իրենց արտադրական գործընթացում ջուրն ավելի արդյունավետ կօգտագործեն»,– ընդգծեց Սիմիդյանը։
Նրա վստահեցմամբ` այս տարի իրենք էլ ավելի արդյունավետորեն են հաշվառել ապօրինի, տիրազուրկ հորերի աշխարհագրությունը, որի ամբողջական ամփոփումից հետո կբյուջետավորեն և, ըստ էության, կհասկանան, թե քանի տարում կկարողանան այդ հորերը կոնսերվացնել կամ լուծարել։
Նախարարը հիշեցրեց, որ 2024 թ. հունվարի 1–ից ուժի մեջ կմտնի նաև բոլոր ջրօգտագործողներին էլեկտրական առցանց ջրաչափերի առկայության կարգավորումը, որով օնլայն ռեժիմով պարզ կդառնա, թե որ ջրօգտագործողը որքան ջուր է օգտագործում և որևէ սահման խախտում է, թե ոչ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Արարատյան դաշտի շուրջ 55 դիտակետում արձնագրել է ջրային պաշարների մակարդակի բավականին անհանգստացնող նվազում, որը հատուկ ծրագրերով ցանկանում են բացասական դինամիկայից փոխել դրականի։