ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում Covid-19-ով վարակման դեպքերով պայմանավորված իրավիճակն անհանգստացնող չէ։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Որևէ նոր շտամ չկա, դրանք «օմիկրոնի» տարբեր ենթատեսակներն են։ Մենք ժամանակ առ ժամանակ դեպքային հետազոտություններ ենք իրականացնում։ Դեպքեր կան, երբ գրիպն ու քովիդը համատեղ են լինում անձի մոտ, ինչի հետևանքով ընթացքն ավելի բարդ է լինում։ Այս պահին անհանգստացնող իրավիճակ չունենք»,– ասաց Ավանեսյանը։
Նա շեշտեց, որ պետք է զգույշ լինել, սիմպտոմներ ունենալու դեպքում էլ հնարավորինս քիչ մարդու հետ շփվել` վարակը չտարածելու համար։ Հարցը վերաբերում է բոլոր տեսակի վարակիչ հիվանդություններին, որոնք անցնում են օդակաթիլային ճանապարհով։