ԱՄՆ–ն պետք է բացատրի` ինչու Ադրբեջանի համար հետևանք չեղավ ՀՀ ներխուժելուց հետո. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյան. Արխիվային լուսանկար
ԱՄՆ–ն որևէ քայլ չձեռնարկեց նաև, երբ Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականությունն էր իրականացնում Արցախում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանի համար որևէ հետևանք չեղավ տարբեր ուղղություններով ՀՀ ներխուժելուց հետո։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հիշեցնելով ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունները Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը վճռականորեն աջակցելու մասին։
«Եթե ԱՄՆ-ն անկեղծ է իր գնահատականներում, ապա պետք է բացատրի, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանի համար որևէ հետևանք չեղավ, երբ 2021-2022 թվականների ընթացքում խախտեց ՀՀ տարածքային ամբողջականությունը` տարբեր ուղղություններով ներխուժեց ՀՀ տարածք ու այս պահին էլ շարունակում է դրանք օկուպացված պահել»,– նշում է պատգամավորը։
Նմանապես որևէ հորդոր կամ զսպող միջոց գործի չդրվեց Արցախի հարցում։ Ադրբեջանը 2020-2023 թվականների ընթացքում ուժի կիրառման միջոցով իրացրեց իր ցեղասպան քաղաքականությունը և ամբողջական վերահսկողություն հաստատեց Արցախի նկատմամբ:
Աբրահամյանը նաև մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակային հայտարարությունները, թե միջազգային պրակտիկայում հարց լուծողը ուժի կիրառումն է, այլ ոչ թե միջազգային իրավունքն ու եզրակացնում է՝ ԱՄՆ-ն իր հորդորն ու զգուշացումը հասցեատիրոջը տեղ չհասցրեց, իսկ հետևանքը բոլորին է հայտնի: