ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը կրկին հետաձգեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով` այս փուլում պետք է դատավորին բացարկ ներկայացվեր, լրացուցիչ հիմքեր էին պետք բացահայտելու և գրավոր նշելու համար։
Ըստ նրա` վերջին 6 ամսվա նիստերի ընթացքում գրեթե յուրաքանչյուր անգամ խախտվել են դատավարության ընթացակարգերը, քանի որ մինչև հիմա քննարկվել է խափանման միջոցի փոփոխությունը այն մեղադրյալների նկատմամբ, ովքեր կալանքի տակ են։
«Քաղաքական որոշակի հանձնարարություններ, առաջադրանքներ կան, որպեսզի նշված անձանց կալանքի տակ պահեն»,– նշեց Օհանյանը։
Նա հիշեցրեց, որ խափանման միջոցի ժամկետները բազմիցս երկարաձգվել են դատարանի որոշմամբ, մինչդեռ տվյալ մարդիկ կարող էին ազատ արձակել, և դատավարությունները շարունակվեին, քանի որ խոսքը ճանապարհ անցած գեներալների մասին է։
«Խափանման միջոցը դարձել է որպես պատժի մեթոդ, որը հիմք է ստեղծում կասկածելու, որ այս դատավարությունները նաև քաղաքական ենթատեքստ ունեն»,– հավելեց պաշտպանության նախկին նախարարը։
Նախկին բարձրաստիճան զինվորականները մեղադրվում են 2 զորամասի տարածքների վաճառքի հետ կապված խարդախությունների մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։