ՊՎԾ–ն հետևում է ԼՂ–ից տեղահանված անձանց համար միջոցների բաշխմանը. Պետրոսյան

Ծառայության ղեկավարը նշեց, որ մեծ ծավալի աշխատանքներ են տարվում, բայց արդյունքների մասին դեռ վաղ է խոսել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պետական վերահսկողության ծառայությունն արդեն 2 օր է` դիտարկում է Արցախից տեղահանված անձանց կարիքներին ուղղված միջոցների բաշխման հետ կապված իրավիճակը։ Այս մասին Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանն ասաց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Նոյեմբերի 1-ից «40 000+10 000 դրամ սոցիալական աջակցություն» ծրագիրը նոր պայմաններով կտրվի
Նա վստահեցրեց, որ ծառայությունն այս հարցով հատուկ հանձնարարական է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
«Դիտարկում ենք ինչպես մարզպետարաններին հատկացված միջոցները՝ 3,9 մլրդ դրամ, այնպես էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերը, որոնց ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 10 մլրդ դրամ։ Այստեղ ներառված չեն 40 000+10 000–ական, ինչպես նաև 100 000–ական դրամները, որոնք ուղիղ տրամադրվում են արցախահայերին»,– ասաց Պետրոսյանը:
Ծառայության ղեկավարը նշեց, որ մեծ ծավալի աշխատանքներ են տարվում (անձանց նույնականացում, ընտրանքային ստուգումներ), բայց արդյունքների մասին դեռ վաղ է խոսել: Նրա խոսքով՝ ամբողջ գործընթացը լինելու է մշտական վերահսկողության ներքո և առաջիկայում հանրային հաշվետվություն կապահովվի։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։