Մարտի 1-ի գործը բացահայտված է. Խաչատրյանն առաջարկում է ծանոթանալ մեղադրական եզրակացությանը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը վստահեցնում է` մեղադրական եզրակացությունում բոլոր ապացույցները շարադրված են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. 2008 թվականի մարտի 1-ի գործը բացահայտված է։ Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ասաց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Սասուն Խաչատրյանը խոստանում է 2024թ բացահայտել մեծ քանակի` շուրջ 2200 կոռուպցիոն նոր դեպք
Ի պատասխան հարցի` ո՞վ է ցուցարարների վրա կրակելու հրաման տվել, Խաչատրյանը կոչ արեց ծանոթանալ գործով մեղադրական եզրակացությանը։
«Մեր եզրակացությունները, ապացույցները շարադրված են։ Մեղադրանքներ են առաջադրվել և՛ հրաման տվողներին, և՛ սահմանադրական կարգը խախտողներին։ Կոռեկտ չէ, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ես այլ կարծիք հայտնեմ։ Վերցրեք մեղադրական եզրակացությունը, ունեցեք ձեր սեփական կարծիքը և՛ ձեռքբերված ապացույցների, և՛ իրադարձությունների, և՛ 1000-ից ավելի կեղծված պարկուճների, քրեական գործերի կեղծելու վերաբերյալ»,– հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է այն բանին, որ «Մարտի 1-ի» քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Խաչատրյանն ասաց, որ դա նորմալ երևույթ է:
Լրագրողի դիտարկմանը, թե նման բծախնդիր գործում այդպիսի ձախողման համար գործը քննող մարմնի ղեկավարը պետք է հրաժարական տար, Խաչատրյանն ասաց, որ իրենք բարեխղճորեն են աշխատում:
Մարտի 1-ի գործով Փաշինյանի խոստացած բացահայտումն այդպես էլ տեղի չունեցավ. «Ժողովուրդ»
Հիշեցնենք` 2008 թվականին ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։
Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։ Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, իսկ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։