ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ բնակիչների սպանությունը Գազայի հատվածում

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը. Արխիվային լուսանկար
ՄԱԿ–ում նշել են, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն միջազգային մարդասիրական իրավունքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «Ջեբալիա» փախստականների ճամբարին Իսրայելի հասցված ավիահարվածի ֆոնին դատապարտել է խաղաղ պաղեստինցիների սպանությունը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը ցնցված է Գազայում աճող բռնությամբ, այդ թվում պաղեստինցիների սպանությամբ, որոնց թվում երեխաներ և կանայք կան», – ասել է Դյուժարիկը։
Նա փաստել է, որ հարձակումները տեղի են ունեցել հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին։
«Բոլոր կողմերը պետք է պահպանեն միջազգային մարդասիրական իրավունքը», – նշել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։
Դյուժարիկի խոսքով` գլխավոր քարտուղարը հորդորում է բոլոր կողմերին վերջ դնել այս բռնությանը, կոչ անում անհապաղ և անվերապահորեն ազատել Գազայում պահվող պատանդներին։
Հոկտեմբերի 31-ին Գազայի ՆԳՆ–ն հայտարարեց, որ առնվազն 400 մարդ է զոհվել և վիրավորվել «Ջեբալիա» փախստականների ճամբարին Իսրայելի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով։ Ավելի ուշ ՑԱԽԱԼ–ի ներկայացուցիչ Ռիչարդ Հեխտը հաստատեց, որ Իսրայելը հարված է հասցրել ճամբարին ՀԱՄԱՍ–ի հրամանատարին վերացնելու փորձի ժամանակ, խաղաղ բնակիչների մահը նա բացատրել է «պատերազմի ողբերգությամբ»։
«Սա ուղղակի աղետ է». Գազայի հատվածի բնակիչները ժամերով հերթ են կանգնում ջրի համար
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։