ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի– Sputnik. Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է առաջիկա շաբաթներին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հավանականության մասին:
Փաստաթղթի հեղինակները նշում են, որ ադրբեջանական ղեկավարությունը վաղուց աչք է դրել Հայաստանի հարավային շրջանների՝ Սյունիքի մարզի վրա։ Եվ դեռ բոլորովին վերջերս քննարկվում էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման, որը պետք է անցնի Սյունիքով՝ «մայրցամաքային» Ադրբեջանը կապելով Նախիջևանի ինքնավարության հետ։
«Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ներխուժումը Լեռնային Ղարաբաղ և դրան հաջորդած տարածքների զավթումը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի համար էնդեմիկ ցեղասպան հայատյացությունը՝ ադրբեջանական ներխուժումը կապված է ագրեսիան ցեղասպանության վերաճելու սպառնալիքի հետ»,-նշվում է հայտարարության մեջ։
Լեմկինի ինստիտուտը հիշեցնում է, որ ցեղասպանությունն արտահայտվում է ոչ միայն զանգվածային սպանություններով։ Ինչպես 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի գրավման դեպքում՝ ցեղասպանությունը կարող է արտահայտվել նաև բնիկ ժողովուրդների կոտորածի, ջարդերի և իրենց հայրենի հողից բռնի տեղահանման տեսքով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան օրերս լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի տարածքներում: Դրանցում ներգրավված է եղել ավելի քան 2 հազար մարդ։