ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Յուպիտերը դիմակայության կետին կհասնի 2023 թվականի նոյեմբերի 3-ին, Երևանի ժամանակով 14:44-ին (GMT 10:44): Այդ պահին գազային հսկան կհայտնվի Երկրի նկատմամբ Արևի հակառակ կողմում։
Պարզ գիշերային երկնքում Յուպիտերը կարելի է տեսնել անզեն աչքով, բայց նրա չորս ամենամեծ արբանյակները տեսնելու համար հեռադիտակ կամ աստղադիտակ պետք կլինի:
Եթե բաց թողնեք դիմակայության ճշգրիտ պահը՝ հոգ չէ․ մոլորակը դիտելու համար հարմար տեղակայված կլինի նաև հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։
Անզեն աչքին Յուպիտերը երևում է որպես շատ պայծառ՝ սպիտակ կամ դեղնասպիտակ գույնի աստղ: Սակայն աստղերից տարբերվում է համաչափ լույսով․ մոլորակները, ի տարբերություն աստղերի, չեն թրթռում:
Յուպիտերի դիմակայությունը կարող ենք տեսնել յուրաքանչյուր 13 ամիսը մեկ. հենց այդ ընթացքում է Երկիրը հասցնում պտույտ անել Արևի շուրջ և մոտենալ գազային հսկային:
Որտեղի՞ց դիտել Յուպիտերի դիմակայությունը։
Քաղաքի լույսերը չեն խանգարի տեսնել մոլորակը, քանի որ այն շատ պայծառ կփայլի: Բայց ամեն դեպքում, երկնային մարմինները դիտելու համար ինչքան արհեստական լուսավորությունից հեռու, այնքան լավ:
Դիմակայության մեջ գտնվող մոլորակը տեսնելու համար պետք է նայել մայրամուտի հակառակ ուղղությամբ:
Ի՞նչ է մոլորակի դիմակայությունը։
Դիմակայությունը Արեգակնային համակարգի երկնային մարմնի այնպիսի տեղակայումն է, երբ այն Արևի և Երկրի հետ մոտավորապես նույն գծի վրա է հայտնվում։ Սա լավագույն ժամանակն է Արեգակնային համակարգի մոլորակների մեծ մասը և որոշ այլ երկնային մարմիններ դիտելու համար, քանի որ հենց այս ժամանակ է, որ դրանք երկնքում հասնում են ամենամեծ չափի և պայծառության: Դիմակայությունը հնարավոր է միայն այն մոլորակների և այլ մարմինների համար, որոնք Արևից ավելի հեռու են, քան Երկիրը: