Իրանը հերքել է իր մասնակցությունը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայանների վրա հարձակումներին

Պենտագոնի ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ զինվորականները վերջին 13 օրվա ընթացքում արդեն 23 հարձակման են ենթարկվել Իրաքում և Սիրիայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն «կանաչ լույս» է վառել Իսրայելի համար Գազայում հանցագործություններ կատարելու համար, ամերիկացիները՝ որպես Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրման գլխավոր մեղավոր, կարող են թիրախ դառնալ ցանկացած վայրում, և դա կապ չունի Իրանի հետ: ISNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին։
Նոյեմբերի 1-ին Իրաքում շիա խմբավորումները հայտարարել էին, որ երկու անօդաչու թռչող սարքերով գնդակոծել են ամերիկյան Էտ Թանֆ ռազմակայանը, որը ռազմական օբյեկտ է Սիրիայի Հոմս նահանգում` Սիրիայի, Իրաքի և Հորդանանի սահմանին:
«Իսրայելը Գազայում հանցագործություններ է կատարում ԱՄՆ թույլտվությամբ։ Նահանգները ղեկավարում է այս պատերազմը: Միանգամայն բնական է, որ մահմեդականները դժգոհ են Գազայի բնակիչների ճնշումներից, և ԱՄՆ-ն պետք է իմանա, որ իրենց գործողություններն անպատասխան չեն մնա: Բոլորը մտահոգված են, և նրանք (ամերիկացիները, – խմբ.) ցանկացած վայրում կարող են թիրախ դառնալ, ինչը ոչ մի կապ չունի Իրանի հետ։ Ավելի վաղ նրանց հրապարակայնորեն զգուշացրել էին, որ դադարեցնեն դաժան սպանությունները և չաջակցեն (Իսրայելին, – խմբ.)», – ասել է իրանցի նախարարը։
Ավելի վաղ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել էր լրագրողներին, որ ԱՄՆ զինվորականները վերջին 13 օրվա ընթացքում արդեն 23 հարձակման են ենթարկվել Իրաքում և Սիրիայում՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Գազայի հատվածից շուրջ 800 հազար մարդ է տարհանվել. Իսրայելի բանակ