ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզային իշխանության ներկայացուցիչները և մարզի ուժային կառույցների ղեկավարները։
Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է մարզում իրականացվող տարբեր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը, առաջացած խնդիրները, ընդհանուր իրավիճակը։ Ուժային կառույցների ներկայացուցիչները զեկուցել են Սյունիքի մարզի օպերատիվ իրավիճակը։
Խաչատուրյանը կարևորել է նման հանդիպումներն ու քննարկումները: «Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դիմավորելու և նրանց առաջնային խնդիրները համակարգված կերպով լուծելու համար»,- նշել է նա:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ նախագահն անդրադարձել է նաև երկրի արտաքին քաղաքական և ներքաղաքական ընդհանուր իրավիճակին վերաբերող թեմաների:
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը Սյունիքում է լինելու նոյեմբերի 1-3-ը, այցելելու է մարզի խոշոր համայնքներ։