ՀՀ դպրոցներում արցախցի երեխաների նկատմամբ վերաբերմունքը ՄԻՊ–ի ուշադրություն կենտրոնում է

Արցախցի երեխաները. Արխիվային լուսանկար
Մանասյանն արձանագրեց, որ ՀՀ դպրոցներում այսօր շատ տարածված է բուլինգը` հոգեբանական բռնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հիմնական առաջնահերթությունը թե՛ այս, թե՛ մյուս տարի լինելու է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը։ ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Այս առումով շեշտակի ավելացել է մեր աշխատանքի ծավալը։ Մեր աշխատանքներն իրականացվում են հիմնականում երկու ուղղությամբ` պետության կողմից այս անձանց իրավունքները երաշխավորելու ուղղությամբ և փաստահավաք այն աշխատանքները, որոնք իրականացնում ենք նրանց հետ տեղի ունեցած դեպքերով»,– ընդգծեց նա։
Ըստ Մանասյանի` այս փուլի համար օմբուդսմենի գրասենյակը կարողացել է շատ արագ մեծ ծավալի փաստեր հավաքել, որոնք արդեն ներկայացրել են նախնական զեկույցի ձևով։ ՄԻՊ նախնական զեկույցն ունի նաև խորհրդապահական փակ հատված, որը ներկայացվել է միջազգային բոլոր գործընկերներին, նաև օգտագործվել է Արդարադատության միջազգային դատարանում որպես ապացույց` որոշ հարցերի հետ կապված։
Անահիտ Մանասյանի խոսքով` այս փուլում նաև շատ կարևոր է արցախցի երեխաներին պատշաճ հոգեբանական աջակցություն ցուցաբերելը։ Դա, ըստ նրա` հատկապես վերաբերում է դպրոցահասակ երեխաներին։
Այս համատեքստում ՄԻՊ–ն արձանագրեց, որ ՀՀ դպրոցներում այսօր շատ տարածված է բուլինգը` հոգեբանական բռնությունը։
«Չնայած մեր միջավայրը շատ կարեկից է, ապրումակից, սակայն չի բացառվում, որ արցախցի երեխաները հնարավոր է` ինչ–որ հարցերում տարբերվեն մյուսներից` ունենան այլ խոսելաոճ, մենթալիտետ, մշակութային առանձնահատկություններ, որոնց պատճառով հնարավոր է դպրոցներում առնչվեն տարբեր խնդիրների հետ։ Այդ պատճառով մենք ուշադիր հետևում ենք դպրոցներում նրանց ինտեգրմանը»,– նկատեց Մանասյանը։
Նրա համոզմամբ` խնդիրներին արագ լուծում տալու համար պետության կողմից պետք է իրականացվեն պատշաճ և համապարփակ միջոցառումներ։
Հնարավոր է` ստիպված լինենք տեղափոխվել. ՀՀ ՄԻՊ-ը՝ նոր շենքի մասին