Հայաստանի և Իրանի սոցապնախարարները համագործակցության հուշագիր են ստորագրել

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար տեղեկատվություն փոխանակել երկու երկրներում առկա թափուր աշխատատեղերի, ոլորտների, ինչպես նաև պահանջվող մասնագիտական որակավորումների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Իրանի աշխատանքի և սոցիալական ոլորտը համակարգող նախարարների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԻԻՀ կոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
«Երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման ու աշխատուժի փոխանակման նպատակով՝ կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Վերջիններս պարտավորվել են համատեղել ջանքերը` զբաղվածության ապահովման, ապօրինի միգրացիայի կանխման և աշխատուժի փոխանակման գործընթացի պարզեցման ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև պարբերաբար տեղեկատվություն փոխանակել երկու երկրներում առկա թափուր աշխատատեղերի, ոլորտների, ինչպես նաև պահանջվող մասնագիտական որակավորումների մասին։
Մկրտչյանը բարձր է գնահատել ՀՀ և ԻԻՀ միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների դերը։ Նա հույս է հայտնել, որ առաջիկայում ևս համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ելնելով երկրների և ժողովուրդների լավագույն շահերից։
ԱԳՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստան–Իրան երկկողմ տնտեսական օրակարգը
Սեյեդ Սոուլաթ Մորթազավինիր հերթին պատրաստակամություն է հայտնել իրենց լավագույն փորձը, ներուժն ու հնարավորությունները ներկայացնել հայկական կողմին՝ ի նպաստ հարևան երկրի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ից 31-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում էր։