Գազայի հատվածից Եգիպտոս մոտ 450 մարդ է մեկնել, հիմնականում օտարերկրացիներ են. Իտալիայի ԱԳՆ

Գազայի հատվածն իսրայելական հարձակման ժամանակ. Արխիվային լուսանկար
Խումբը բաղկացած է օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաև երկքաղաքացիություն ունեցողներից և պաղեստինցիներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածից «Ռաֆահ» անցակետով դեպի Եգիպտոս շուրջ 450 մարդ է շարժվել, հիմնականում նրանք օտարերկրացիներ են, նրանց թվում 4 իտալացի կա։ Այս մասին հայտնում է Իտալիայի ԱԳՆ–ն։
«Իտալացիներից բացի, այսօր առավոտյան մոտ 450 մարդ է լքել Գազան` ժամանելով Եգիպտոս «Ռաֆահ» անցակետով, համաձայն Իսրայելի և Եգիպտոսի իշխանությունների միջև ձեռք բերած համաձայնագրի։ Խումբը հիմնականում բաղկացած է օտարերկրյա քաղաքացիներից, ինչպես նաև երկքաղաքացիություն ունեցող անձանցից և ծանր վիճակում գտնվող պաղեստինցիներից, որոնք բուժում կստանան Եգիպտոսի հիվանդանոցներում», – ասվում է հաղորդագրության մեջ։
«Սա ուղղակի աղետ է». Գազայի հատվածի բնակիչները ժամերով հերթ են կանգնում ջրի համար
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։