Գարեգին Բ–ն մտահոգություն է հայտնել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու արգելքի օրենքի ընդունմամբ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն. Արխիվային լուսանկար
Ամենայն Հայոց Կաթողիկոսը համոզված է, որ եկեղեցին պետք է զերծ պահել քաղաքական գործընթացներից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Եթե Ուկրաինական ուղղափառ եկեղեցու արգելքի մասին օրենքն ընդունվի Գերագույն ռադայի կողմից, այն կխախտի ուղղափառ եկեղեցու հոգևոր կյանքի միասնությունն ու ներդաշնակությունը: Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։
«Մենք անհանգստությամբ ընդունեցինք նախաձեռնության մասին լուրը, որը վերջերս քննարկվեց Ուկրաինայի Գերագույն ռադայում։ Կրոնական կազմակերպությունների գործունեության մասին օրինագիծն իր դրույթներով անցանկալի տրամադրություններ կառաջացնի հավատացյալների շրջանում և պատճառ կդառնա անտեսելու անավանդական և սրբազան եկեղեցական–իրավական կանոնները, ինչպես նաև կխաթարի Ուղղափառ եկեղեցու հոգևոր կյանքի միասնականությունն ու ներդաշնակությունը»,– նշել է Նորին Սրբությունը:
Նա նաև հույս է հայտնել, որ պատգամավորներն այս նրբանկատ հարցում կառաջնորդվեն և կգործեն հավատքի սրբության գիտակցմամբ, հավատակից ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ և եկեղեցու դարավոր ավանդույթների նկատմամբ հարգանքով:
«Մեր խորին համոզմամբ, հատկապես այս ծանր փորձությունների ժամանակ անհրաժեշտ է զերծ պահել եկեղեցին քաղաքական գործընթացներից, և կրոնական գործոնը չվերածել շահարկումների և հակասություններ չսերմանել»,– ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը:
Գարեգին Բ–ն ընդգծել է, որ աղոթում է միմյանց հետ պատմական սերտ կապերով կապված բարեկամ երկու ժողովուրդների միջև հակամարտության դադարեցման համար և որ նրանց կյանքում հաղթեն դավանվող ընդհանուր արժեքներն ու հավատը՝ ծառայելով որպես համերաշխության և խաղաղության հաստատման կամուրջ:
Վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի իշխանությունները կազմակերպել են իրենց նորագույն պատմության մեջ քրեական հետապնդման ամենամասշտաբային ալիքը։ Հղում անելով Ռուսաստանի հետ ուղղափառ եկեղեցու հետ կապին՝ Ուկրաինայի տարբեր շրջաններում տեղական իշխանությունները որոշում են կայացրել արգելել եկեղեցու գործունեությունը, իսկ երկրի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ` այն երկրի ամբողջ տարածքում արգելելու մասին։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը սկսել է քրեական գործեր հարուցել ուղղափառ եկեղեցու հոգևորականների դեմ, անցկացնել «հակահետախուզական միջոցառումներ»` խուզարկություններ եպիսկոպոսների և քահանաների տներում, տաճարներում և վանքերում՝ «հակաուկրաինական գործունեության» ապացույցներ որոնելով:
Կիև-Պեչորյան մայրավանքի ծխականների ավանդույթները և իրավունքները պետք է հարգել. Գարեգին Բ