ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Եղեգնաձորում բացվեց Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայանը։
Կենտրոնակայանի բացումը հայտարարեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանի բացումը Եղեգնաձորում
© Photo : Х / European Union Mission in Armenia
Նա իր ելույթում վերհիշեց 2023 թվականի փետրվարի 20-ին ԵՄ առաքելության պաշտոնական բացումը։
«Այսօր՝ 8 ամիս անց, ես կանգնած եմ մեր նոր գլխամասի առջև՝ առաքելության 93 անդամներով, որոնք ուղարկված են ԵՄ անդամ 23 պետություններից։ Թեև որոշ բարդություններ են եղել, ես կարող եմ հպարտորեն ասել, որ ԵՄ առաքելությունը հասել է իր լիարժեք գործառնական կարողություններին»,-ասաց նա։
Ռիտերն ընդգծեց, որ արդեն ունեն 6 գրասենյակ Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում և Իջևանում։
Իր հերթին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը նշեց, որ կենտրոնակայանի բացումը Հայաստանում ԵՄ-ի առաքելության լիարժեք սկիզբն է։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին իրականացվող պարեկությանը` նա նշեց, որ անցած շաբաթ անցկացրել են 1000-րդ պարեկությունը։
Հիշեցնենք` 2023–ի փետրվարի 20-ից ՀՀ–ում 2 տարվա եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան: