ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Դուք եք այն մարդիկ, ովքեր ապահովում են ՀՀ անվտանգությունը, դուք եք, որ ապահովում եք մեզ համար խաղաղ օրեր, դուք եք, որ ՀՀ մարտունակությունն եք բարձրացնում և համոզված եղեք, որ ձեր պատրաստակամությունից, ձեր պատրաստությունից կախված է մեր երկրի հզորությունը, ամրությունը և նաև ապագան»,– իր ողջույնի խոսքում ասել է նախագահ Խաչատուրյանը` դիմելով զինծառայողներին։
Նա մաղթել է առողջություն, խաղաղություն և խրախուսական նվերներ հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիք կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում։