ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության տեխնիկական հագեցվածությունը արդիականացվել է, ինչը թույլ կտա լուծել բանկային հաշվում որոշակի գումարի սառեցման ժամանակ առաջացող խնդիրը: ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այդ մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նախարարի խոսքով` այսօր խնդիր է առաջանում, երբ ԴԱՀԿ–ն որևիցե անձի բանկային հաշվում առկա գումարի վրա արգելանք է դնում, և այն ավտոմատ կերպով արգելափակվում է նաև նրա մյուս բանկերում առկա հաշիվներում:
Մինասյանը նշեց, որ խնդիրը մասամբ լուծվել է յոթ բանկերի հետ համագործակցությամբ, որոնց ծրագրային ապահովումը ներդաշնակեցվել է ծառայության հետ: Միևնույն ժամանակ, սակայն, պարզվել է, որ ԴԱՀԿ–ի ծրագիրը թարմացման կարիք ունի։
«Ծրագրի արդիականացման դեպքում հենց քաղաքացին գումարը փոխանցի ԴԱՀԿ հաշվեհամարին, նրա հաշիվները կբացվեն բոլոր մյուս բանկերում»,– ասաց նա:
Նախարարը ավելացրեց, որ խնդիրն արդեն լուծվել է տերմինալների միջոցով տուգանքները վճարելու դեպքում: