Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Չի՛ կարող լուծարվել Արցախի Հանրապետությունը. դեկտեմբերը կգա, կտեսնենք. Զոհրաբյան

Փաստաբանը նշեց, որ իրավական ակտ ընդունած անձը կարող է մեկ այլ իրավական ակտով նույնիսկ անվավեր համարել իր նախորդ ընդունած ակտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթուղթը իրավական ուժ չունի, Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել։ Այս մասին Շահրամանյանի ու ԱԺ պատգամավորների հետ փակ քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Չի՛ կարող միջնորդավորված ընտրված նախագահը լուծարել հանրաքվեով անկախացած պետության գոյությունը։ Չի՛ կարող լուծարվել Արցախի հանրապետությունը։ Կգա դեկտեմբեր ամիսը, կտեսնենք»,–ասաց Զոհրաբյանը։
Զոհրաբյանը նշեց, որ փակ քննարկմանը եղել է նաև Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի կեղծ լինելու մասին հարցը , սակայն այլ մանրամասնեց նա չասաց` նշելով, որ հակառակորդն էլ կարող է դա լսել և իր հետևություններն անել կամ գործողություններ ձեռնարկել։
Հարցին` հնարավո՞ր է` Շահրամանյանը հրաժարվի իր ստորագրած հրամանից, փաստաբանը պատասխանեց.
«Իրավական ակտ ընդունած անձը ինքը կարող է մեկ այլ իրավական ակտով նույնիսկ անվավեր համարել իր նախորդ ընդունած իրավական ակտը։ Նման գործիքներ կան»։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։