ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրներն այսօր չեն կարող հույսը դնել միայն Ռուսաստանի վրա, որ իրենց համար ամեն ինչ անի, պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց ճակատագրերի համար։ Այս մասին ասել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը՝ ելույթ ունենալով «Մեդիազարգացումը փոփոխվող աշխարհում» II համաժողովում։
«Ոչ ոք որևէ մեկին չի պարտադրում, բայց միայն տեսեք, թե ինչ կարող է լինել, և վերջ: Աշխարհի համամասնություններ կան՝ նայեք մեծին ու փոքրին, տեսեք առաջնահերթությունները, առանձնացրեք կարևորը անկարևորից և բացահայտ խոսեք ձեր լսարանի հետ», - ընդգծել է Կիսելյովը՝ դիմելով ԱՊՀ երկրների լրագրողներին։
Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրների ապագան մեծապես կախված է նրանից, թե որքան սերտ են նրանք համագործակցում Ռուսաստանի հետ։ Իսկ եթե Ռուսաստանի Դաշնությունը «ռազմավարական պարտություն» կրի, ապա ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրում կյանքը կփոխվի, նրանք կդառնան Միացյալ Նահանգների գաղութներ, որոնց նկատմամբ անխնա կլինեն։
«Մեր ազատությունը նաև ձեր ազատությունն է։ Քանի դեռ Ռուսաստանը կպահպանի իր գոյությունը, և մենք հակակշիռ կլինենք աշխարհի այն ուժերին, որոնց դա պետք չէ, ՌԴ-ն կերաշխավորի ազատությունը նաև ձեր երկրներում», - ասել է Կիսելյովը։
ԱՊՀ երկրների «Մեդիազարգացումը փոփոխվող աշխարհում» II համաժողովն անցկացվում է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հարթակում: Մեդիաֆորումի շրջանակում տեղի կունենան քննարկումներ «Միջազգային լրագրության ապագան», «Արհեստական բանականություն. լրագրողի թշնամի՞, թե՞ բարեկամ», «Նոր սերնդի մեդիակրթություն», «Ռուսալեզու ԶԼՄ-ների համագործակցության զարգացում» և «Տելեգրամյան ալիքները ՝ որպես ամենաարագ աճող մեդիա» թեմաներով: