ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են ապագայում Գազայի հատված բազմազգ ուժեր մտցնելու հարցը․ ԶԼՄ

Սպիտակ տունը, սակայն, հայտարարել է, որ այս պահին Վաշինգտոնը չի քննարկում Գազայի հատված ամերիկյան զորքեր ուղարկելու հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը դիտարկում են Գազայի հատված բազմազգ ուժեր մտցնելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Bloomberg գործակալության աղբյուրները:
«ԱՄՆ-ն և Իսրայելը տարբերակներ են դիտարկում Գազայի հատվածի ապագայի համար, այդ թվում` բազմազգ ուժերի հնարավորությունը, որոնց թվում կարող են մտնել ամերիկյան զորքեր, եթե իսրայելական ուժերին հաջողվի դուրս մղել ՀԱՄԱՍ-ին»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Կողմերը դիտարկում են նաև տարածաշրջանի երկրներին անկլավի նկատմամբ ժամանակավոր վերահսկողություն տրամադրելու հնարավորությունըԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի զորքերի աջակցությամբ: Աղբյուրների փոխանցմամբ` Իսրայելը դիտարկման արժանի է համարում Գազայի հատված խաղաղապահ ուժեր մտցնելու հնարավորությունը։ Բայց ՄԱԿ-ի հովանու ներքո անկլավի ժամանակավոր կառավարման գաղափարը Իսրայելին ոչ կիրառելի է թվում։
Սպիտակ տունը, սակայն, հայտարարել է, որ այս պահին Վաշինգտոնը չի քննարկում Գազայի հատված ամերիկյան զորքեր ուղարկելու հարցը: Աղբյուրներից մեկի համաձայն` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ կոնտինգենտը պոտենցիալ վտանգավոր առաջադրանքի ուղարկելը կարող է քաղաքականապես ռիսկային միջոց լինել:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Գազայի հատվածից շուրջ 800 հազար մարդ է տարհանվել. Իսրայելի բանակ