Ով-ով, բայց բրիտանացի ամենահայտնի գիտնականներից մեկը՝ Չարլզ Դարվինը, շատ լավ գիտեր, որ ամենակենսունակը ո′չ ամենաուժեղներն են, ո′չ էլ ամենախելոքները։ Գոյատևելու և բարգավաճելու ամենամեծ շանսերն ունեն այն տեսակները, որոնք ամենից լավ են հարմարվում տվյալ պահի հանգամանքներին և կյանքի փոփոխություններին։
Այս իրողությունը սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը հաստատում է Թուրքիայի առաջնորդի օրինակով։ Մեջբերեմ. «Մինչև հիմա Հայաստանում և այլուր քննարկվում և վերլուծվում է Ռեջեփ Էրդողանի հակաիսրայելական ելույթը, որի իրական նպատակը մահմեդական աշխարհում Թուրքիայի և հենց Էրդողանի դիրքերն ամրապնդելն ու Պաղեստինի «օմբուդսմենի» դերը ստանձնելն է։
Այնինչ, այդ հակաիսրայելական և հակասեմիտական ելույթից երկու օր անց պարզվում է, որ Թուրքիայի թույլտվությամբ Իսրայելին աջակցող և անվերապահորեն պաշտպանող ԱՄՆ-ն երկու ռազմավարական կործանիչներ է տեղակայել Ադանայի մոտ գտնվող Ինջիրլիկի ռազմակայանում... Բոլորի համար էլ պարզ է, որ Ամերիկան դրանք Թուրքիա է տեղափոխել Իսրայելին պաշտպանելու համար։ Ստացվում է, որ Էրդողանի հակաիսրայելական հոխորտանքները կեղծիք և դերասանություն էին, և գլոբալ առումով Իսրայելն ու Թուրքիան գործընկերներ են, և Անկարան պատրաստ է իր տարածքը տրամադրել Միացյալ Նահանգներին` Իսրայելին պաշտպանելու համար»։
Ի դեպ, երևի շատերն են նկատել, որ Եվրոպան՝ անսկզբունքանության մեջ մեղադրելով Թուրքիային, հենց ինքն է անսկզբունքայնություն դրսևորում։ Դա շատ լավ երևաց թե′ Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների, թե′ Գազայում այս օրերին կատարվող ողբերգական դեպքերի ժամանակ, կարծիք է հայտնում հայաստանցիներից մեկը՝ հիմնավորելով.
«Այսուհետ, երբ արտաբերելիս կլինեք Եվրոպա բառը, հիշե′ք, որ սրտաճմլիկ և մարդասիրական կոչեր անող աշխարհաքաղաքական այդ միավորն իր բաղկացուցիչ տարրերով նույնքան անբարո ջանասիրությամբ հետևում է Գազայում իրականացվող սպանդին, որին զոհ են գնում նաև հազարավոր երեխաներ։ Նույնկերպ անբարո մարդասիրությամբ Եվրոպան աչք փակեց Արցախի վրա, և արդեն կարելի է կանխատեսել, որ նույնքան անբարո սառնասրտությամբ հետևելու է Հայաստանի վրա մոտալուտ հարձակման ծանր հետևանքներին»։
Համաձայնե′ք, մի տեսակ սովորական, առօրեական ստացվեց Արցախի հայաթափումը։ Բոլորը պարզապես համակերպվեցին կատարված փաստի հետ։
Իհարկե, ինչ-որ բողոք եղավ Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության դիմաց, բայց հիմա Արցախի նախագահը այնտեղ ընթացիկ գործերով է զբաղվում. օտարերկրյա հյուրեր է ընդունում։ Նրա հարցազրույցն էլ մեծ ուշադրության չարժանացավ և դա երևի իր պատճառն ունի, համոզված է օգտատերերից մեկը։
Մեջբերեմ. «Սամվել Շահրամանյանի հարցազրույցն իսկապես տխուր տպավորություն է թողել, բայց արդյոք դա Հայաստանի քաղաքական համակարգի ընդհանուր պատկերը չէ՞: Ռոբերտ Քոչարյանի Երևան գալով՝ Արցախը վերածվեց հայաստանյան բուրգի մի մասի, այնտեղ չէր կարող և չծնվեց ինքնուրույն քաղաքական մշակույթ, միտք: Արցախը՝ իր ենթահամակարգով, դե ֆակտո մարզի կարգավիճակ ուներ: Մի ավելի կարևոր բան ասեմ: «Առանց դիմադրության չէր լինի արտագաղթ» ձևակերպումը, որը երեկ հնչեցրեց Շահրամանյանը, դարձյալ նորություն չէ: Այս վտանգավոր միտքը՝ տարբեր ձևակերպումներով, եղել է 1998-ի հեղաշրջման ու դրանից հետո ողջ ընթացքի գլխավոր նարատիվը: Ի վերջո, Փաշինյանն էլ չկանխեց պատերազմը, որ իրեն դավաճան չասեն՝ կատարյալ աղետ բերելով երկրի գլխին: Հիմա եթե Շահրամանյանին «գտել» եք, որ Նիկոլի դեմքը փրկեք, առանձնապես մեջ հաջողություններ չեք ունենալու, սիրելի′ նիկոլապաշտ շահրամանյանագետներ: Ուրի′շ բան գտեք, Շահրամանյանին երկու օր հետո բոլորը մոռանալու են»։
Ի դեպ, նկատե՞լ եք։ Արդեն վաղուց ամենատարածվածը սոցիալական ցանցերում՝ «ելքի» թեման է։ Ինչ գրառում ուզում եք արեք՝ հետաքրքիր պատմություն պատմեք, սենսացիոն նորություն հայտնեք, կատակեք, վերլուծեք, վրդովվեք, միևնույն է, վերջում ինչ-որ մեկը անպայման գրելու է. «Բա ելքը ո՞րն է»։ Թույլ տվեք ուրեմն ավարտել օգտատերերից մեկի մեկնաբանությամբ, որն, իմ կարծիքով, լիովին արտացոլում է մեր ողջ հասարակության այսօրվա վիճակը.
«Ելք ա պետք գտնել, հայե′ր։
Չկա ելքը, չի երևում,
բայց իրան գտնել ա պետք։
Մենք մեղքի տակ ենք, հայե′ր։
Մենք մեր հայրենիքի առաջ մեծ մեղքի տակ ենք,
էդ մեղքի տակից դուրս գալ ա պետք։
Մի բան փոխել ա պետք։
Կարևոր, ամենակարևոր մի բան
մեր մտքերում փոխել ա պետք։
Որ էն, ինչն անհնար էր թվում,
դառնա հնարավոր»։