ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ախուրյան համայնքում. 13-ամյա անչափահաս տղան ՏԻՐ–ի հրացանով (օդամղիչ հրացան) կրակել է, ինչի հետևանքով մետաղյա փամփուշտը դիպել է համագյուղացի 11-ամյա աղջկան:
Երեխան տեղափոխվել է Ավստրիական մանկական հիվանդանոց: Sputnik Արմենիայի հետ զրույցում հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Կարեն Գևորգյանն ասաց, որ հետազոտել են երեխային, օրգանիզմում օտար մարմին հայտնաբերել, ինչից հետո աղջիկը տեղափոխվել է Երևան։
«Օտար մարմինը հայտնաբերվեց աջ թոքի հատվածում, հավանաբար թոքը վնասված էր: Երևանյան մեր գործընկերներին տեղյակ պահեցինք, քննարկեցինք իրավիճակն ու երեկ երեկոյան աղջկան սանավիացիայի մեքենայով տեղափոխեցինք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- նշեց Կարեն Գևորգյանը:
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել խաղահրապարակում:
«Տղա երեխան ծնողներից թաքուն ՏԻՐ–ի հրացանը վերցրել, տանից դուրս է եկել: Խաղահրապարակում ուզել է կրակել ու կպել է խաղընկերուհուն: Երեխաները մշտապես այդ խաղահրապարակում են խաղում, նաև նույն դպրոցում են սովորում»,- տեղեկացրեց Զավեն Մանուկյանը` վստահեցնելով, որ դեպքը պատճառով համայնքում երկու ընտանիքների միջև վիճաբանություն չի առաջացել։