ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այցել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ և փորձել է տեսակցել մի շարք բանտարկյալների։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
Պատգամավորին հաջողվել է հանդիպել գեներալ Գրիգորի Խաչատուրովին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին։
«Մամիկոնը դեռ բրոնզե դարից կալանքի մեջ է, իսկ գեներալի «նստած» լինելը իշխանությունը հետագայում դատարանում կփորձի «հիմնավորել» կալանավայրի պաշտպանության կազմակերպման նկատառումներով»,– գրել է նա:
Աբրահամյանը չի կարողացել տեսակցել ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանին. նրա հետ տեսակցությունները սահմանափակված են։
Պատգամավորը մտահոգիչ է համարել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի կալանավորված քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը, որին նա նույնպես չի կարողացել հանդիպել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տաթևիկ Վիրաբյանը խցում ուշագնաց է եղել: Նա այս պահին բժիշկների հսկողության տակ է, վիճակը կայուն է։